Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) արդեն 10 տարի է ինչ սովորեցնում է տարրական համակարգչային հմտություններ Հայաստանում բնակվող տարեցներին։
Կենտրոնն իրականացնում է «Բազային համակարգչային գիտելիքներ» սոցիալական ծրագիրը, որն ընդգրկում է այն ամենը, ինչ պետք է տարեցներին սմարթֆոններից և համակարգիչներից օգտվելու համար իրենց առօրյա կյանքում: Կենտրոնի դասընթացավարները նրանց սովորեցնում են ինչպես որոնումներ կատարել համացանցում, բացել էլեկտրոնային փոստի հաշիվ, օգտվել սոցիալական ցանցերից և Microsoft Office-ից:
Ինչպես Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո»-ի առավոտյան հաղորդման ժամանակ նշեցին կենտրոնի ծրագրի համակարգողներ Անի Ասատրյանը և Սիրանուշ Միսակյանը, դասընթացները ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ մեկնաբանության և անձնական հաղորդագրություն ուղարկելու տարբերությունը և մեկնաբանությունների բաժնի վարքագծի կանոնները։ Տարեցներին նաև սովորեցնում են օգտվել մեսենջեր չաթերից, ինչպիսին է WhatsApp-ը, որպեսզի նրանք կարողանան հաղորդագրություններ և նկարներ ուղարկել, ձայնային և տեսազանգեր կատարել՝ առանց որևէ մեկի օգնության։
Ծրագրին կարող են մասնակցել 50 և բարձր տարիքի անձինք, ի դեպ տարիքային շեմն իրականում իջեցվել է ծրագրի մեծ պահանջարկի պատճառով։
Ծրագրի նոր և հատկապես կարևոր թեման մեդիագրագիտությունն է։ Անիի և Սիրանուշի խոսքով՝ տարեցները հաճախ դառնում են խարդախության և կիբերհանցագործությունների զոհ։ Ծրագրի մասնակիցները սովորում են նաև, թե ինչպես գտնել հավաստի տեղեկատվություն համացանցից և խուսափել կեղծ լուրերից:
Դասընթացի մասնակցությունն անվճար է։ AITC-ն դասընթացներն անցկացնում է տարին երկու անգամ և մինչ այժմ կրթել է ավելի քան 200 տարեցների:
Դասընթացներն այժմ գործում են միայն Երևանում, պարապմունքներն անցկացվում են AITC կենտրոնում։ Ինչպես նշեցին Անին և Սիրանուշը, դասերն առցանց անցկացնելն անհնար է, քանի որ մեծահասակ մասնակիցները հաճախ կարիք ունեն, որ դասընթացավարները ամեն բան ցուցադրեն հենց իրանց սեփական սարքավորումների վրա։
Ծրագրին դիմելու համար հետաքրքրվող անձինք միայն պետք է զանգահարեն կենտրոն, և կենտրոնի աշխատակիցը կիրականացնի նրանց գրանցումը։
Դասընթացները վերջերս ավարտած Լիլիթ Սիմոնյանը նշեց. «Ես շնորհակալ եմ այս նախաձեռնությանը։ Դասընթացն ինձ օգնեց հաղթահարել համակարգչից ինքնուրույն օգտվելու վախը։ Անպայման կօգտագործեմ այն ամենը, ինչ սովորել եմ»։ Մեկ այլ մասնակից՝ Նարինա Վերդյանը, ով նախկինում դժվարանում էր օգտագործել իր սմարթֆոնը, նշել է․ «Այժմ ես շատ հանգիստ և վստահ եմ օգտվում իմ հեռախոսից։ Այս ծրագրի շնորհիվ ես սովորեցի Skype-ով խոսել աղջկաս հետ»:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) (հիմնված 2011թ․) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ մեծահասակների և երեխաների համար։