Գաղտնիք չէ, որ թվայնացող այս աշխարհում առանց տարրական համակարգչային գրագիտության այլևս չի կարող ապրել ցանկացած անհատ՝ անկախ զբաղվածությունից, հետաքրքրությունների շրջանակից, սոցիալական կարգավիճակից, սեռից, տարիքից և այլն։ Իսկ մեծահասակների համար առավել դժվար է հաղթահարել այս մարտահրավերը, ինչը բերում է բազում դժվարությունների՝ նույնիսկ կենցաղում։
Այդ իսկ պատճառով ստեղծման օրվանից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն, ի թիվս իր բազում կրթական ծրագրերի, իրականացնում է նաև բազային համակարգչային գիտելիքների և մեդիագրագիտության թեմայով հատուկ սոցիալական ծրագիր՝ 50-ից բարձր տարիքային խմբի անձանց համար։
Տարեց-տարի այս դասընթացն ունենում է շատ առավել մեծ պահանջարկ։ Միայն այս տարի՝ փետրվարից և մինչ այս պահը կենտրոնն ունեցել է մեծահասակների 8 խումբ՝ 95 մասնակցով, իսկ նոր խմբերը դեռ հավաքագրվում են։
Դասընթացի ծրագիրը պարբերաբար փոփոխվում է՝ հարմարեցվելով ներկայիս ստանդարտներին։ Ծրագրում վերջին կարևոր համալրումներից է մեդիա գրագիտության առարկայի ներառումը, որի շրջանակում քննարկվում են հետևյալ թեմաները՝
• Ինչպե՞ս տարբերակել ճիշտ լուրը կեղծից;
• Ինչպե՞ս չդառնալ կեղծիքի զոհ;
• Ո՞ր աղբյուրներից օգտվել նորություններ իմանալու համար;
• Ինչպե՞ս գրագետ օգտվել Ֆեյսբուք սոցիալական ցանցից;
• Ի՞նչ է ատելության խոսքը։
Մասնակիցները մեծ ոգևորությամբ են հաճախում մեդիագրագիտության դասընթացին, քննարկում իրենց հետաքրքրող հարցերը, դասաժամի ավարտին լսարանից դուրս գալիս ժպտադեմ և երախտիքի խոսքերով։
Նրանցից ոմանք կիսվել են դասընթացի մասին իրենց տպավորություններով․
Անահիտ Աբգարյանը նշում է, որ սա շատ հետաքրքիր և օգտակար փորձ էր․ «Մեդիագրագիտության դասընթացն ինձ հնարավորություն ընձեռեց ավելի ուշադիր և պաշտպանված լինել ապատեղեկատվությունից և կեղծ լուրերից»։
Հասմիկ Թունյանն էլ կարևորում է դասընթացավարների փորձառությունը և նյութի մատուցման հմտությունը․ «Տպավորված եմ, թե ինչ մեթոդներով էին նրանք դասավանդում։ Շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռելու համար»։
Անժելա Աբգարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել և նշել. «Շատ արժեքավոր հմտություններ ձեռք բերեցի և պատկերացում կազմեցի իմ տվյալների հավաքագրման գործընթացի վերաբերյալ»:
Նշենք, որ այս տարիների արձանագրած հաջողություններից ոգեշնչված, ինչպես նաև գիտակցելով, որ նման դասընթացների անհրաժեշտությունը մայրաքաղաքից դուրս բնակվող մեծահասակների համար առավել կարևոր է, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը սկսել է դասընթացն իրականացնել նաև ՀՀ մարզերում։ Մեկնարկը տրվել է Վանաձորից, իսկ առաջիկայում ծրագրին կմիանան նաև այլ բնակավայրեր։
Կենտրոնի կողմից կազմակերպվող այս և այլ դասընթացների մասին կարող եք տեղեկանալ սոցիալական տարբեր հարթակներից՝ Facebook, Instagram, LinkedIn, Telegram: